Այդ մասին ասել է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ՝ Մալթայի ինքնիշխան ուխտի հետ ՀՀ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Շատ ուրախ եմ ընդունել այսօր պաշտոնական այցով ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրան ուղեկցող նախարարական պատվիրակությանը: Ընդամենը 2 տարի է անցել Մեծ Վարպետի առաջին անգամ Հայաստան կատարած այցից, որը վառ վկայություն է համատեղ կամքի՝ հզորացնելու արդեն ձեւավորված լավագույն հարաբերությունները եւ ընդլայնելու համագործակցությունը առողջապահության եւ մարդասիրական ոլորտներում:

Այս առիթով, Մալթայի Ինքնիշխան Ուխտը եւ Հայաստանի Հանրապետությունը կնքել են համագործակցության համաձայնագիր 10 տարի տեւողությամբ: Խոսքը գնում է մի համաձայնագրի մասին, որը հիմնվում է 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում ձեռքբերված ամուր կապերի վրա եւ որի նպատակը Հայաստանի տարածքում Մալթայի Ուխտի կողմից իրականացվող բժշկական եւ սոցիալական գործունեության ամրապնդումն է:

Հայաստանում իրականացվող հիմնական գործունեություններից, որ Մալթայի Ուխտը ծավալում է շնորհիվ մեր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի նվիրված աշխատանքի, ցանկանում եմ հիշատակել Զվարթնոցի մանկատունը, որի խնամքի տակ են գտնվել ավելի քան 100 երեխա, Դիլիջանի բուժկենտրոնը, որը զբաղվում է տուբերկուլյոզի բուժմամբ եւ կանխարգելմամբ, լսողության խանգարումներով տառապող երեխաների համար դպրոցական կառույցը եւ Էջմիածնի հիվանդանոցին մեր Ուխտի կողմից տրվող աջակցությունը:

Սյսօրվա հանձնառությունը համապատասխանում է անցյալին, երբ մեր կամավորները միավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականներին, ինչպես նաեւ տասնամյակներ անց 1988թ. 25000 զոհ պատճառած երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով: Այդ առիթով Մալթայի Ուխտը աղետի վայր էր ուղարկել բժիշկների եւ փրկարարների ջոկատներ եւ կազմակերպել բազմաթիվ վիրավոր երեխաների տեղափոխությունն արտերկիր, ովքեր կարիք ունեին առավել բարդ վիրահատական միջամտության:

Ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի եւ ամենահին կաթոլիկ կրոնական կառույցներից մեկի՝ Մալթայի Ուխտի միջեւ ամուր կապերը ոչ միայն հումանիտար եւ սոցիալական ասպեկտներն են, որոնք, անշուշտ, շարունակում են մնալ գերակայություն, այլեւ ընդգրկում են մեր հնագույն ավանդույթները եւ դժվարին պատմությունները՝ սկսած Միջին Արեւելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունից:

Ես այս իմաստով հիշում եմ, որ Մալթայի Ուխտի մասնակցությունը 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողություններին, ինչպես նաեւ դրան նախորդած հիշատակման արարողություններին, որոնց ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ խոսեց հայերի բնաջնջումից՝ որպես քսաներորդ դարի սկզբի առաջին ցեղասպանություն:

Հայաստանի Հանրապետությունը եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտը կապված են այնպիսի թելերով, որոնց ակունքները տանում են դեպի սարսափելի ողբերգություն: Համոզված եմ, որ այսօրվա այցը նշում է համագործակցության նոր փուլի սկիզբը, որը նաեւ ընդհանուր ջանքերի միջոցով է անցնում, որպեսզի խուսափենք, որ պատմությունը երբեւէ ականատես լինի այլ ողբերգությունների, ինչպես մեկ դար առաջ հայ ժողովրդի կողմից ապրածն էր:

Մալթայի Ուխտը կաթոլիկ հաստատություն է՝ չեզոք եւ ապաքաղաքական: Դիվանագիտական ցանցի միջոցով Մալթայի Ուխտը ծառայում է պատերազմի, սովի, հալածանքի եւ աղքատության պատճառով դժվարությունների մեջ ապրող ժողովուրդներին: Չի հետապնդում կանխորոշված օրակարգեր, այլ միայն իրեն նվիրում է մարդկային տառապանքները թեթեւացնելուն եւ առավել խոցելի մարդկանց պաշտպանելուն ուղղված առաքելությանը»,- ասել է տեղապահը: