Հանրապետական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը տարակուսած է, որ Հայաստանում բուռն է ընդունվել Գյումրիի 102–րդ ռազմաբազայում ռուսական ռազմական ոստիկանության ուժերի տեղակայման հարցը։ Ցոլակյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ անձամբ է համոզվել, որ դրա անհրաժեշտությունը կա։
«Զինվորները դուրս են գալիս ռուսական ռազմաբազայից, իսկ բազայում չունեն այն հսկող մեխանիզմները, որ հետեւեն զինվորների վարքին, հիմա ռազմական ոստիկանություն տեղակայելով՝ կկարողանան ազդել դրա վրա։ Այսինքն՝ հաճախ կարող ենք տեսնել զինվորներ փողոցւմ անկարգություններ անելիս, որոնք խմած են եւ այլն, էդ դեպքերի համար ո՞վ պետք է պատասխան տա։ Ենթադրնենք դեպք է եղել, ոստիկանությունը բռնում է զինվորին, տանում է հրամանատարություն ու ասում է՝ տարեք ձեր զինվորին, տանում են ու ի՞նչ անեն։ Հիմա օրենքի ուժով փորձում են կարգավորեն դա»,–ասաց Շիրակի նախկին մարզպետը։
Նա հավելեց, զարմացած է ՝ ինչու մինչեւ հիմա տեղակայված չէր ռազմական ոստիկանությունը։
«Փոքր ստորաբաժանում է լինելու, առանձնապես մեծ բան չէ... Մեր իրավապահները չեն կարող Ռուսաստանի քաղաքացուն տանել 5 օր նստեցնել։ Դա պիտի շուտվանից լիներ, ես զարմանում էի՝ ինչո՞ւ դա էդքան ուշացավ։ Բազան ստեղծելուց դա պիտի ունենային, ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա չի եղել»,–ամփոփեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այդ ուղղությամբ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։



























