Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների բարդացման համար որեւէ պատճառ չի տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հարց էր հնչեցվել Սկրիպալի գործի կապակցությամբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածության նոր շրջանի հնարավոր ազդեցության մասին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վրա, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշմակիցն է:

«Արեւմուտքի եւ, մասնավորապես, Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունն ակնհայտ է, ինչի կապակցությամբ կարելի է միայն ափսոսանք հայտնել: Բայց մենք գիտենք այդ լարվածության պատճառները: Կարծում եմ` լավ է, որ այս ամբողջ ընթացքում՝ վերջին ամիսներին եւ տարիներին, Հայաստանը կարողացավ պահպանել եւ համատեղել Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները Եվրամիության հետ բարեկամական հարաբերությունների հետ:

Ես մասնակցել եմ Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների միջեւ մի շարք բարձր մակարդակի բանակցությունների եւ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մթնոլորտը շատ բարեկամական էր, եւ կարծում եմ, դա շատ լավ է: Սա չի նշանակում, որ ԵՄ-ն եւ Հայաստանը նույն դիրքորոշումն ունեն միջազգային բոլոր հարցերի շուրջ: Բայց կարեւորը այն է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ խնդիրներ չկան:

Բացի այդ, նույնիսկ եթե Հայաստանն այլ դիրքորոշում ունի  որոշակի միջազգային հարցերում, Եվրամիությունը դա չի դիտարկում որպես ոչ բարեկամական կամ առճակատային գործողություն, եւ նույնը Հայաստանի կողմից է: Հետեւաբար, ես կարծում եմ, որ մեր քաղաքական երկխոսության այս բարեկամական մթնոլորտն ամենաբարձր մակարդակում մեծ ձեռքբերում է մեր ամենօրյա հարաբերությունների համար:

Հուսով եմ, որ դա կպահպանվի: Ես մեր հարաբերությունների բարդացման համար որեւէ հիմք չեմ տեսնում, եւ մեր հայ գործընկերները շատ լավ են աշխատում: Ես կարծում եմ, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար ամենալավ բաղադրատոմսն է: Կարծում եմ, որ սա այն ճանապարհն է, որով պետք է գնալ»,- հայտարարել է դեսպանը: