ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը՝ Սիրիայում քիմիական հարձակման հետաքննության մասին ռուսական կողմի առաջարկներով չէր համապատասխանում առկա մարտահրավերներին եւ ծառայում էր միայն «ծխե վարագույրին»: ԱԽ նիստում այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տեքստի միակ նպատակը, որով մենք քիչ առաջ քվեարկեցինք, իրականում հետքերի խճճումն է»,- պնդել է ֆրանսիացի դիվանագետը:
Դելատրի խոսքով՝ ֆրանսիական կողմն ամենեւին չի վիճարկում Քիմիական զենքի արգելման կազմակերպության անկախ հետաքննության կարեւորությունը՝ պարզելու, թե 2018 թվականի ապրիլի 7-ին ինչ է տեղի ունեցել Արեւելյան Գուտայում՝ Դումայում: «Դա անհրաժեշտ էր, եւ այն արդեն սկսվել է: Սակայն ռուսական տեքստը, որը ստիպված էինք վիճարկել, եղած մարտահրավերների բարձունքում չէր: Պարզ ասենք՝ այն, ինչը մեզ այսօր պակասում է, եւ ինչը Ռուսաստանը համառորեն մերժում է, իրապես անկախ եւ անկողմնակալ մեխանիզմն է, որը կօգներ պարզել մեղավորներին, որպեսզի կանխվեր անպատժելիությունը»,- ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ Ֆրանսիան իր մերձավոր դաշնակիցների հետ պնդել է Հետաքննության համատեղ մեխանիզմի (ՀՀՄ) վերականգնումը Դումայի դեպքով անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու համար: «Ռուսաստանի պարտավորություններով ՀՀՄ ստեղծմամբ մենք կենսականորեն կարեւոր գործիք կստեղծեինք քիմիական հարձակումների համար մեղավորներին զսպելու համար, եւ սա հենց այն է, ինչն այսօր մեզ պակասում է: Մոլորության չենք տրվելու՝ միայն բառերը բավական չեն, եւ ռուսական նախագիծը միայն ծխե վարագույր է ու չափազանց հեռու է այն շտապ պատասխանից, որը պետք է տա այս Խորհուրդը»,- շարունակել է դիվանագետը:
«Հենց այս պատճառով,- ամփոփել է Դելատրը,- Ֆրանսիան այդ նախագծին դեմ է քվեարկել, եւ հենց այս պատճառով այդ նախագիծը չընդունվեց»: «Կրկնում եմ,- հավելել է նա,- Ֆրանսիան ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի քիմիական սարսափների համար մեղավորները հայտնաբերվեն եւ անկախ ու անկողմանակալ կերպով պատժվեն: Մարտահրավերները շատ լուրջ են, եւ մենք ձեռքներս ծալած չենք նստի»:




























