Պետեկամուտների կոմիտեն այսօր՝ հունվարի 14-ին մի հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքէջում, որով հերքում է «Առավոտ» օրաթերթի եւ այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ NEWS.am-ի հաղորդագրությունն այն մասին, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երեկ կառավարության նիստին ներկայացել են իրենց ծառայողական ավտոմեքենաներով, որոնց դիմապակու վրա բացակայել են ավտոմեքենայի տեխզննման եւ պարտադիր ավտոապահովագրման (ԱՊՊԱ) կտրոնները:
«Այս հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՊԵԿ նախագահի, այնպես էլ համակարգի բոլոր ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրված են, իսկ ապահովագրության կտրոնները փակցված են ավտոմեքենաների դիմապակիներին: Ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Նշենք, որ ՊԵԿ նախագահի ավտոմեքենայի վրա առկա է նաեւ տեխզննման կտրոնը»,- նշված է ՊԵԿ-ի հայտարարության մեջ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արած լուսանկարները, սակայն, հակառակն են ապացուցում: Ֆոտոլրագրողը հունվարի 13-ին, Հայաստանի կառավարության շենքի մոտ, ի թիվս այլ պաշտոնյաների, նկարել էր նաեւ Գագիկ Խաչատրյանի մեքենան՝ առանց տեխզննման եւ ԱՊՊԱ-ի կտրոնների, մինչդեռ օրենքը պահանջում է ոչ միայն ապահովագրել մեքենաները, այլեւ կտրոնները փակցնել մեքենայի դիմապակու համապատասխան տեղում:
Հավանաբար Գագիկ Խաչատրյանն, անգամ եթե հավատալու լինենք ՊԵԿ-ի հերքումներին, հոգեպես եւ բարոյապես նեղվում է իր թանկարժեք մեքենայի դիմապակուն որեւէ թուղթ տեսնելիս, եւ կտրոնները, հավանաբար, նախընտրում է պահել մեքենայի բեռնախցիկում:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























