Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբն այսօր՝ հունվարի 14-ին թվով երկրորդ նամակն է հղել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին` ներկայացնելով հունվարի 1-ին «Հ1»-ի եթերի դիտարկման արդյունքերը:

Ըստ այդմ, նշվել է, որ կեսգիշերվա ժամը 00:00-ից մինչեւ 24:00-ն 24 ժամ ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 2 ժամ 20 րոպե 28 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 9,75 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով:

13 անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը):

7 դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասինե օրենքով սահմանված առավելագույն չափը):

«Ասպարեզը» նաեւ կոնկրետ համերգների, հաղորդումների եւ սերիալների օրինակներ է բերել, որոնց ընթացքում հեռարձակված գովազդի ծավալը խախտել է օրենսդրությամբ սահմանված չափը: Մասնավորապես, մի համերգի ժամանակ գովազդային ընդմիջումներից մեկն ունեցել է ավելի քան 19 րոպե տեւողություն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը Գրիգոր Ամալյանին

խնդրում է քննության առնել վերը բերածս փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին «Ասպարեզը» իր առաջին նամակն էր հղել ՀՌԱՀ նախագահին, որում ներկայացրել էր դեկտեմբերի 31-ի «Հ1»-ի եթերի դիտարկումը` արձանագրելով մի շարք խախտումներ: