Կառավարությունը հաստատել է  միասնական հակակոռուպցիոն էլեկտրոնային ծանուցումների հարթակի ստեղծման տեխնիկական նկարագիրն ու կարգը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:

Այս որոշման ընդունումը թելադրված է «Ծանուցումների համակարգի մասին»  ՀՀ օրենքով, որը ենթադրում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդող անձանց պաշտպանության մեխանիզմի ներդնում` պահպանելով նրանց անանունությունը:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են կոռուպցիոն հանցագործության մասին տեղեկացնել՝ պահպանելով անանունությունը: Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդող անձանց պաշտպանության երաշխավոր է հանդես գալիս պետությունը՝ ի դեմս Կառավարության լիազորված մարմնի՝ Արդարադատության նախարարության: Իրազեկողների անանունությունը ապահովվում է նրանց IP հասցեների (Internet Protocol Address) կոդավորման միջոցով:

Որոշման մեջ մանրամասն նկարագրված են գործողությունները եւ դրանց հաջորդականությունը, որոնց միջոցով IP հասցեները կոդավորվելու են: Դրա համար անհրաժեշտ  TOR, Opera կամ Opera Mini բարուզերներով մտնել միասնական էլեկտրոնային հաթակ:

TOR բրաուզերով մուտք գործելու դեպքում IP հասցեն ինքնաբերաբար կոդավորվում է:

Opera կամ Opera Mini-ի միջոցով մտնելու դեպքում հակավոր է կատարել հետեւյալ հրահանգները. մտնել Menu, այնուհետ Settings, բացված պատուհանում սեղմել Privacy & security, հետո Enable VPN: Այս հրահանգների կատարման դեպքում IP հասցեն կոդավորվում է՝ ապահովելով նրանց անանունությունը: