Ժողովուրդը 100 հազարներով չի հավաքվի պայքարի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների պայքարին:

Նրա խոսքով, իշխանությունների կողմից տարիներ շարունակ նպատակասլաց աշխատանք է արվել, որի հետեւանքով փոշիացվել է ընդդիմությունը. «Խնդիրն այն է, որ մեր քաղաքական դաշտում բացակայում է գաղափար ասվածը, եւ այս իրավիճակը ձեռնտու է շատ շատերին: 1988-ից հետո, Հայաստանում բոլոր պայքարները «ընդդեմ» ինչ որ մեկի, կամ երեւույթի են, ոչ թե «հանուն»: Սա քաղաքական դաշտի բացթողումն ու խնդիրն է: Երբ չկա գաղափարախոսություն, գաղափարական պայքարի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց քաղաքական տեխնոլոգը:

Ինչ վերաբերում է ներկայիս բողոքի ակցիաներին ու դրանց արդյունքներին, Կարեն Քոչարյանի կարծիքով ժողովուրդն այլեւս պայքարելու ցանկություն ու պայքարի դրական արդյունքի հույս չունի. «Գալու է այնպիսի սերունդ, որը կստեղծի այն ինչը իրեն է դուր գալիս, ոչ թե հարմարվի նրան, ինչ առաջարկում են: Ներկայիս սերունդը բավականին ազատ ու լայն մտածելակերպ ունի: Բայց այն,  որ ժողովուրդը հիմա 100.000-ներով չի հավաքվում պայքարի, դա տարիների հիասթափության արդյունք է»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ին նախաձեռնել է «Իմ քայլը» քայլարշավը, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը եւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ նիստին, որտեղ պետք է ընտրվի վարչապետ: Նմանատիպ պայքարի են ելել նաեւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը: