Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին:

Կարեն Կարապետյանը կարեւորել է վերը նշված օրենքի մշակումն ու ընդունումը եւ ընդգծել, որ դրանում պետք է մեծ ուշադրություն դարձնել նաեւ հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաեւ օրենքի կարեւորությունը՝ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից եւ նշել, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ներդրումային ծրագրեր են նախատեսվում տարբեր ոլորտնեում, այդ թվում՝ ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության բնագավառներում: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է օրենքի նախագծի շուրջ քննարկումներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: