ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հոսպիտալում կատարված գողությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կտարած անձի ինքնությունը. վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Դեպքը տեղի է ունեցել դեռեւս  2016 թ. օգոստոսին. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված աշխատասենյակում գտնվող պայուսակից հափշտակվել էր դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար եւ բանկային քարտեր: Գողության հանգամանքը կինը պարզել է օգոստոսի 30-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, հերթապահությունը հանձնելիս։

Գողացված բանկային քարտով բանկոմատից կատարվել էր կանխիկացում, ինչի հետեւանքով  պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննության ընթացքում բանկից ստացվել էր գողացված քարտով  կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում էր, թե ինչպես է բանկոմատին մոտենում կարմիր վերնաշապկով, ջինսե տաբատով, գլխարկով մի տղամարդ եւ քարտով գումար կանխիկացնում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2018թ. ապրիլի 11-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 34-ամյա բնակիչը 2016 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ի սահմաններում, մուտք է գործել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածք եւ դիմածնոտային բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված սենյակում նույն բաժանմունքի մայրապետի պայուսակից հափշտակել է վերջինիս պատկանող դրամապանակը, ինչպես նաեւ՝ դրանում գտնվող երկու բանկային քարտերը: Այնուհետեւ դրամապանակում եղած նույն քարտերի ծածկագրերն օգտագործելով՝ կատարել է գումարի կանխիկացում՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: