Եթե մենք Տարոն Մարգարյանենց տան հայաթում պատրաստվեինք գիշերելու, իրենից թույլտվություն կհարցնեինք, բայց մենք պատրաստվում ենք մեր հայրենիքի, մեր մայրաքաղաքի հրապարակում եւ հանրային տարածքներում գիշերել, այնպես որ որեւէ մեկի թույլտվությունը հարցնելու կարիքը չունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց քայլարշավով արդեն Երեւան հասած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը Ազատության հրապարակում գիշերելու թույլտվություն չի տվել (ֆոտոռեպորտաժ):

Նա ընդգծեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը ամեն ինչ կարգավորում է. «Ճիշտն ասած, ես ուզում եմ գլխարկ դնելու թույլտվության համար դիմել, որ կարողանանք ազատորեն գլխարկ դնել»,-հեգնեց Փաշինյանն ու շարունակեց. «Մենք կորոշենք վրան դնել՝ կդնենք, որոշենք չենք դնի՝ չենք դնի: Այսինքն ես այդպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որ քաղաքական այսպիսի գործընթացում պետք է թույլտվություննե՞ր ստանամ իշխանությունից»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի այսօր՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին: