Արդեն մի քանի օր է՝ չի գործում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի Տիգրան Մեծ պողոտայի խանութը։ Առաջին օրը խանութի մուտքի մոտ ցուցանակները տեղեկացնում էին. «Փակ է, հաշվարկ», իսկ երեկ ցուցանակներին ավելացել է նաեւ մեկը՝ «Սանիտարական օր»։

Թերթը փորձել է պարզել, թե քանի՞ օրով է փակվել սուպերմարկետը եւ երբ կվերաբացվի։ Խանութի մենեջերներից մեկը պատասխանել է. «Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, խանութը կարող է բացվել այսօր, կարող է բացվել եւ վաղը»։ Երբ թերթի թղթակիցը փորձել է պարզել նաեւ, թե ճի՞շտ է տեղեկությունն այն մասին, որ առաջիկայում ցանցի մի քանի խանութ փակվելու է, ցանցի մենեջերներից մեկը պատասխանել է. «Եթե էդքան հավատում եք բամբասանքներին, ուրեմն էդքան կիրթ եղել՝ իմանալու, որ մի քանի օր առաջ էլ Բանգլադեշի խանութն էր փակվել՝ հաշվարկի համար»։ Մյուս «անանուն» մենեջերն էլ միջամտել է. « Ժողովուրդը ամեն ինչ կարող է խոսել, բայց ես նման խոսակցություններ չեմ լսել»։

Այնուհետեւ սույն մենեջերները հայտարարել են, թե ավելորդ ժամանակ չունեն վատնելու եւ դուրս են հրավիրել լրագրողին իրենց իրավասության տակ գտնվող սուպերմարկետից։