Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածի կազմակերպումն ավելի բարդ ու աշխատատար էր, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր պատկերացնել, գրում է Thе Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին։

«Թրամփից մեկ շաբաթ պահանջվեց հարվածների մեկնարկի նպատակով Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ կոալիցիա կազմելու համար։ Նա նաեւ բախվել է պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի դիմադրությանը, որն ավելի սահմանափակ գործողությունների կողմնակից էր, որպեսզի ռուսական ուժերի հետ ավելի լայնածավալ առճակատման վտանգին չգնան»,- փոխանցում է պարբերականը անանուն պաշտոնական անձանց խոսքը։

Թերթի զրուցակիցները հայտնել են, որ Սպիտակ տունը օրը 20 ժամ զբաղված է եղել սիրիական հարցով։ Նրանց խոսքով՝ Թրամփը ճնշում է գործադրել Պենտագոնի ղեկավարի վրա՝ պահանջելով ավելի լայնամասշտաբ ռազմական պատասխան, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հետ կպահի հետագա քիմիական հարձակումից։