Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին Սիրիայի իրավիճակի շուրջ երկխոսության կոչ է արել, փոխանցում է DW-ն:

«Խոշոր ուժերը մեծ պատասխանատվություն են կրում: Այստեղ պետք է հետեւի առաջին քայլը, Պուտինն ու Թրամփը պարտավոր են դա անել խաղաղության համար: Եթե Վաշինգթոնն ու Մոսկվան Սիրիայի հարցում ընդառաջ գնալու ուղիներ չգտնեն, ապա Սիրիայում իրավիճակի բարելավման հնարավորությունները զրոի են հավասար»,- ասել է Շթայնմայերը Bild am Sonntag պարբերականի հետ զրույցում, որը լույս է տեսել կիրակի՝ ապրիլի 15-ին:

Սիրիայում պատերազմի 7 տարում առաջին անգամ Սիրիայի տարածքում ամերիկյան եւ ռուսական զենքի ուղղակի առճակատման վտանգ է առաջացել, հավելել է նա: «Այսօր մենք ռուս-ամերիկյան հարաբերությունների էսկալացիայի հաջորդ աստիճանին ենք»,- կարծում է Գերմանիայի նախագահը: Նա մտահոգություն է հայտնել Արեւմուտքի երկրների կողմից Ռուսաստանի «իշխող օտարման» կապակցությամբ՝ հավելելով, որ 2 կողմից գործնականում ոչ մի հիմնավորում չի մնացել վստահության համար:

«Անկախ Պուտինից, մենք չպետք է ամբողջ Ռուսաստանը, երկիրը եւ մարդկանց թշնամի հայտարարենք»,- շեշտել է Շթայնմայերը: Նա գերմանացի քաղաքական գործիչներին կոչ է արել հակազդել այս օտարմանը, Ռուսաստանի հետ երկխոսությունը չդադարեցնել եւ դրա հետ մեկտեղ, այդ թվում նաեւ անձնական շփումներում Կրեմլին հասկացնել ռուս-եվրոպական հարաբերությունների համար իր գործողությունների հետեւանքները: