Բրիտանական իշխանությունները ներկայումս չեն քննարկում Սիրիային նոր հարված հասցնելու հնարավորությունը: Այս մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է կիրակի BBC-ի հետ հարցազրույցում:
Պատասխանալով հաղորդավարի այն հարցին, թե Սիրիային նոր հարվածներ կհասցվե՞ն, եթե Դամասկոսը կրկին քիմիական զենք կիրառի, բրիտանացի նախարարը նշել է. «Այս պահին չի քննարկվում նոր հարձակումների շարունակությունը, քանի որ, փառք Աստծո, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն առայժմ այնքան հիմար չէ, որ քիմիական զենքի օգտագործմամբ եւս մի հարձակում իրագործի»:
Ջոնսոնը պնդել է, որ Սիրիայի տարածքին ռազմական հարվածը, որ հասցրել են ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները, ուղղված էր ՌԴ-ին դրդելուն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերադարձնի Ժնեւի բանակցությունների սեղան: «Մենք պետք է ազնվորեն ընդունենք՝ սա չի փոխի Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը, սակայն մենք հույս ունենք, որ սա կբերի նրան, որ ռուսներն Ասադին կդրդեն վերադառնալ Ժնեւի բանակցային սեղան»,- ասել է բրիտանացի նախարարը:




























