Մենք հպարտանում ենք, որ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, հնարավոր է, ոչ միայն ուղղակի դասական երաժշտության ամենամեծ փառատոնն է, որը կներկայացվի Մալթայում, այլ նաեւ երկար տարիներ շարունակ ամենահեղինակավորը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի տնօրեն Ալան Կիրկոպը, Մալթայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը
Մալթայի մայրաքաղաք Վալետայում ապրիլի 15-ին մեկնարկեց Մալթայի միջազգային երաժշտական VI փառատոնը: Փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Առաջին անգամ փառատոնի ռեզիդենտ նվագախումբը կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:
Առաջին անգամ միաժամանակ միեւնույն բեմում հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը. տեղի կունենա Մալթայի Մեծ պաշարմանը նվիրված մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման կերպարները» սիմֆոնիկ ցիկլի համաշխարհային պրեմիերան՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ:
«Այո, նման իադարձությունն առաջին անգամ տեղի կունենա, երբ միեւնույն բեմում միաժամանակ 2 նվագախումբ է հանդես գալիս: Փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունը որպես ռեզիդենտ նվագախումբ ոչ միայն անսահման հաճելի է, այլ դա նաեւ մեծ փորձ է, ահռելի պատասխանատվություն: Այս ամենը շատ հաճելի է, բայց միաժամանակ հեշտ չէ 15 օր անընդհատ բեմում ելույթ ունենալ չկրկնվող համերգացանկով»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Փառատոնը կդառնա Եցրոպայում ամենամասշտաբային եւ նշանակալի երաժշտական իրադարձությունը եւ կացնի VALLETTA-2018 հիմնադրամի ու Մալթայի տուրիզմի վարչության աջակցությամբ:
Մալթայի մայրաքաղաք Վալետան 2018 թվականին հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, եւ ամենամյա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը տեղի կունենա ապրիլի 15-ից մայիսի 1-ը, կդառնա ամբողջ երաժշտական տարվա կենտրոնական իրադարձություններից մեկը:
«Այն, ինչի վրա մենք երկար ժամանակ աշխատել ենք, վերջապես մեկնարկել է, եւ սա ինձ եւ մեր ամբողջ թիմի համար նշանակում է էլ ավելի մեծ աշխատանք իրականացնել: Անկասկած անձամբ մեծ ցանկություն ունեմ վայելել այդ համերգները, քանի որ դասական երաժշտության նման թվով աստղեր, որոնք հիմա Մալթա են ժամանել, հազվադեպ կհանդիպես միասին, եւ անձամբ ցանկանում ես դրա հանդիսատեսը լինել, այլ ոչ թե կազմակերպիչը: Կազմակերպված յուրաքանչյուր համերգ իրադարձություն է, եւ հույս ունեմ, որ այս փառատոնի մասին հնարավոր կլինի երկար խոսել»,- ասաց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:
Դրանից բացի, փառատոնի շրջանակում կանցկացվի դաշնամուրային մրցույթների շարքի եզրափակիչը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների 70 դաշնակահարներ: Նրանք կպայքարեն աննախադեպ՝ 100 հազար եվրո պարգեւի համար (փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար եվրո):
«Դաշնամուրային մրցույթում ժյուրիի նախագահ լինելը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ շատ պատասխանատու աշխատանք է: Մրցույթը երկտասարդ երաժիշտի աճի եւ բարեկեցության շատ կարեւոր մասն է»,- ասաց նա:
Փառատոնի համերգները տեղի կունենան Մալթայի լավագույն պատմական դահլիճներում՝ Միջերկրածովյան մամուլի կենտրոնում (Վալետա), Ռոբերտ Սամուտ Հոլլում (Ֆլորիանա):




























