Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը տեղյակ է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության՝ Հանրային հեռուստաընկերության դեմ հարուցած գործի էությունից, սակայն չի ուզում խոսել այդ թեմայի շուրջ։ Այս մասին նա ասաց հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չեմ ուզում մանրամասներ ասել, որովհետեւ դա քրեական գործ է, եւ բացի այդ, եթե մեզ դատի են տվել, ուրեմն ավելի լավ է, որ այդ ամենը պարզաբանվի դատարանում։ Կարծում եմ՝ Հանրայինը ճիշտ է գործել եւ օրենքի տեսանկյունից որեւէ սխալ թույլ չի տվել»,- ամփոփեց Հարությունյանը։
Նշենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը դատի է տվել Հանրային հեուստատեսությանը: Հանրայինի «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ Գևորգ Ալթունյանը 2010 թ. նոյեմբերի 11-ին անդրադարձել էր Սեւանում կատարված սպանության դեպքին, երբ ոմն Արման Թորոսյան սպանել էր իր ծնողներին: Դեպքից անմիջապես հետո տեղեկություն էր տարածվել, որ Թորոսյանը Եհովայի վկա է։
Աղանդավորական կազմակերպությունը Հանրայինի դեմ ներկայացված հայցում պահանջում է հերքել, որ Արման Թորոսյանը «Եհովայի վկաներ»- անդամ է:





























