«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները պայմանվորվել են Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն հնարավոր ճնշում գործադրել՝ ուղղված նրա ամբողջական ապամիջուկայնացմանը: Այս մասին ճապոնացի լրագրողներին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կոնոն նշել է, որ G7-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իր հրթիռային ծրագրի զարգացումից Փհենյանի ամբողջական հրաժարման օգտին, հայտնում է Kyodo գործակալությունը:

Անցյալ շաբաթ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ իր երկիրը բացի միջուկային եւ հրթիռային փորձարկումների դադարեցումից, ցանկանում է միանալ միջուկային զինաթափման գլոբալ գործընթացին՝ սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարության համաձայն: Պետության ղեկավարի խոսքով՝ «միջուկային փորձարկումների դադարեցումը գլոբալ միջուկային զինաթափման կարեւոր գործընթաց է, Հյուսիսային Կորեան միանում է միջազգային ջանքերին՝ ուղղված միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը»: