Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ողջունելու ձեւը, որը ցուցադրել են հարավկորեական պատվիրակության զինվորականները, վկայում է, որ նրանք 2 երկրների միջեւ պատերազնը դեռ ավարտված չեն համարում, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:

Լրագրողները ուշադրություն են դարձրել, որ Հարավային Կորեայի պատվիրակության անդամները, երբ հյուսիսկորեացի առաջնորդը հանդիպման արարողակարգի համաձայն՝ ծանոթացել է նրանց հետ, սահմանափակվել են թեթեւակի գլխով անելով եւ ձեռքսեղմամբ:

Միեւնույն ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ծանոթանալու ժամանակ հյուսիսկորեական պատվիրակության զինվորականները նրան պատիվ են տվել:

Ըստ «Ռենհափ» գործակալության՝ հարավկորեացի զինվորականների նման պահվածքը «խիստ հիշեցում է, որ Հյուսիսը տեխնիկապես շարունակում է մնալ Հարավային Կորեայի 1950-1953 թվականների Կորեական պատերազնի տարիների թշնամին»: Երկու երկրների միջեւ պատերազմի արդյունքում հաշտություն էր կնքվել, սակայն մինչեւ հիմա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել: