Կորեայի Հանրապետության տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի ապագան կախված է ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակի հետ հանդիպումից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մետիսը նաեւ ընդգծել է, որ այդ հարցերի լուծմամբ զբաղվում են ամերիկյան դիվանագետները․ «Կարծում եմ, որ հիմա մեզ պետք է պարզապես շարժվել գործընթացին համընթաց, վարել բանակցություններ եւ չփորձել նախապայմաններ առաջ քաշել կամ ենթադրել, թե ինչպես այն կընթանա»,-ասել է Մետիսը։  

Նա նաեւ նշել է, որ չի պատրաստվում կանխատեսել միջկորեական բանակցությունների արդյունքները՝ հավելելով, որ ԱՄՆ-ում լավատեսորեն են տրամադրված։ «Վաշինգթոնը մտադիր է միջոցներ ձեռնարկել Փհենյանի հետ վստահության կառուցման համար»,-նշել է Պենտագոնի ղեկավարը։