Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հասկացնել է տվել երկուշաբթի, որ դեմ չէ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանի ապառազմականացված Փհանմունջոմ սահմանային կետում անցկացնելուն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Շատ երկրներ որպես հանդիպման վայր են դիտարկում, բայց Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանի Խաղաղության տունը/Ազատության տունը ավելի հատկանշական եւ կարեւոր վայր չէր լինի արդյոք, քան ինչ–որ երրորդ երկիր։ Ուղղակի հարցնում եմ»,–գրել է նա իր թվիթերյան էջում։
Numerous countries are being considered for the MEETING, but would Peace House/Freedom House, on the Border of North & South Korea, be a more Representative, Important and Lasting site than a third party country? Just asking!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 30 апреля 2018 г.
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Կիմ Չեն Ընի հետ իր զրույցը կկայանա հունիսի սկզբին կամ ավելի շուտ կախված իրադարձությունների զարգացումից։ Նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունների ընթացքում հաջողվել է կրճատել հանդիպման հնարավոր վայրերի քանակը։ Ամերիկյան լրատվամիջոցներում հնարավոր տարբերակների թվում են նշվում Սինգապուրը, Մոնղոլիան, Շվեյցարիան եւ Հյուսիսային Կորեայի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտին:




























