Կանոնավոր վարժությունները օգնում են տարեց մարդկանց չմոռանալ բառերը: Այս եզրահանգման են եկել եվրոպական մի քանի համալսարանների գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները  հրապարակվել են Scientific Reports ամսագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

28 տարեցների եւ 27 երիտասարդների շրջանում գիտնականները հոգելեզվաբանական փորձ են իրականացրել: Առաջին խմբի միջին տարիքը 67 (տղամարդիկ) եւ 70 (կանայք) տարեկան էր: Երկրորդ խմբի միջին տարիքը՝ 23 եւ 22 համապատասխանաբար:

Մասնակիցները պետք է հայտնի մարդկանց անուններ  ասեին, այդ թվում գրողների, քաղաքական գործիչների եւ դերասանների: Բացի դրանից նրանց 20 բարդ եւ 20 պարզ բառերի սահմանումներ էին տվել, որոնք նրանք պետք է անվանեին:

Տարեցների խումբը նաեւ մարզասարքի թեստ է անցել: Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունները ուղղակիորեն ազդում են բառերը հիշելու տարեցների ունակության վրա:

Մարդու տարիքը եւ նրա իմացած բառերի քանակը կապված էր նրա հետ, թե որքան հաճախ էին փորձի մասնակիցները հայտնվում մի իրավիճակում, երբ բառը «լեզվի ծայրին» է:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Քեթրին Սեգերթը ընդգծում է, որ որոշ տարեց մարդկանց մոտ նման պահերը զուգորդվում են հիշողության կորստի հետ, սակայն իրականում այդ երեւույթները կապված չեն:

 «Նման իրավիճակները առաջանում են այն ժամանակ, երբ բառի նշանակությունը մեր հիշողության խորքերում է, բայց նրա ձայնային տարբերակը ժամանակավորապես անհասանելի է», — բացատրում է Սեգերթը: