Թերեւս շատերը կվկայեն, Նիկոլ Փաշինյանն էլ չի հերքի, որ իմ եւ իր հարաբերությունների 7-ամյա գործընկերային պատմությունը վկայում է այն մասին, որ մեկս մյուսին ուղղված ելույթները, հարցերն իրականում եղել են համերաշխության, կառուցողականության մթնոլորտում: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չի եղել ոչ ավելորդ հռետորաբանություն իրար հանդեպ, չի եղել պոպուլիզմ, պարզապես եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն:

«Ես շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի Հանրապետության ճակատագրով եւ սա երեսպաշտություն չի, ոչ էլ բառերի կույտ, որ պետք է ասեմ այս ամբիոնից: Ինչու եմ այս թեզը պնդում եւ ինչու եմ մտահոգ: Անկեղծ ասած, չէի պատրաստվում ելույթ ունենալ, բայց տեսնելով դահլիճում առկա մթնոլորտը՝ չէի կարող չխոսել: Ճգնաժամերի մասին շատ խոսվեց, ես կուզեի ավելացնել եւս մեկը՝ մարդկային հարաբերությունների ճգնաժամ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ապա նա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, կարմիր թելի նման այսօր ձեր ելույթում մի թեզ էր անցկացվում՝ համերաշխություն, որ պարոն Միրզոյանն ասաց՝ ձեր հավատամքն է, դուք ասացիք, որ ձեր հեռոտորաբանության մեջ ատելություն չկա եւ ասացիք, որ սիրո, համերաշխության մթնոլորտ է լինելու: Ես ուզում եմ հավատալ եւ անկեղծ ասեմ, հավատում եմ, որ ուզում եք այդպիսի մթնոլորտ լինի: Բայց ես ուզում եմ հարց տալ ձեզ՝ ո՞ր պահից եք այդ իրողությունը հասկացել: Դուք երեկ ասացիք, որ իրողություններ են փոխվել եւ այդ իրողությունների փոփոխման արդյունքում ձեզ մոտ կա պետական շահով առաջնորդվելու գիտակցում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս իրողությունը, որ անհրաժեշտ է սիրո, համերաշխության մթնոլորտ, ի՞նչ է նշանակում՝ միայն շարժման մասնակիցների միջեւ եւ շարժման մասնակիցների հանդեպ: Այդ սիրո, համերաշխության մթնոլորտը չի ենթադրո՞ւմ այլ կարծիք ունեցողների նկատմամբ հանդուրժողականություն, ես անկեղծ եմ հարցնում»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ երբ քաղաքականություն էր մտնում, ենթադրում է, որ լինելու են սուր քննադատություններ. «Ես ունեմ սկզբունքներ եւ համոզմունքներ, խորը հարգանք ունեմ ձեր հանդեպ, ուզում եմ հավատալ, որ դուք իրո՞ք համոզված եք, որ հայհոյանքների, զանգերի, սպառնալիքների միջոցով ես կփոխե՞մ իմ համոզմունքներն ու սկզբունքները: Պարոն Միրզոյան ջան, սթափության կոչը չեն անում սպառնալիքով: Ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք: Պարոն Փաշինյան ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ասեմ՝ ինչու: Ես 2000-ից ավելի ուսանողի դասախոս եմ, հրապարակում կան ուսանողներ, որոնք պայքարում են հանուն գաղափարի: Շնորհակալ եմ, որ նրանք նաեւ այս շարժման միջոցով  հասկացել են, որ պետք է պայքարել հանուն գաղափարի: Հարգելի ուսանողներ, ընկեր Հովհաննիսյանը ձեզ խնդրում է ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ, մտածելով ու գաղափարով լսեք՝ ինչի համար ենք մենք առաջ գնալու:

Մի հարց եմ ուզում տալ, անկեղծ հարց. դուք համարո՞ւմ եք, որ իրավունքների խախտում չի եղել, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր ու թափորը չէր կարողանում դագաղը հասցնել եկեղեցի: Անկեղծ հարց եմ տալիս՝ էս ուր ենք մենք հասել: Արտակ, պարոն Զեյնալյան, ես հարցնում էի՝ քաղբանտարկյալներ կա՞ն, թե ո՞չ: Ես ընդամենը ուզում էի իմանալ պարոն Փաշինյանի քաղաքական դիրքորոշումները ներքաղաքական որոշակի հարցերի մասին: Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ ես իմ սկզբունքն ու համոզմունքը փոխե՞մ: Ախր դուք ինձ ճանաչում եք: Ես ավելորդ բան չեմ ուզում ասել: Անկախ դրանից՝ ես որտեղ կլինեմ, դուք որտեղ կլինեք, մենք դեռ իրար աչքերի նայելու խնդիր ենք ունենալու, եկեք բաց աչքերով նայենք իրականությանը, եկեք հասկանանք որ զոհասեղանին շատ կարեւոր բան է դրված: Եթե ես դիրքորոշում եմ արտահայտելու, դա լինելու է իմ սկզբունքներին, համոզմունքներին ու կամքին համահունչ»,- իր խոսքն ամփոփեց Արփինե Հովհաննիսյանը: