Թափոնների հավաքման եւ մշակման բրիտանական ընկերությունը իր պահեստում ոսկորի բեկորով սրվակ է հայտնաբերել, որը պատկանել է Հռոմի պապ, սուրբ Կլիմենտ I-ին, որը մահացել է մոտ 99 թվականին, հայտնում է Times պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ոսկորի բեկորը գտնվել է կարմիր եւ ոսկեգույն ապակուց սրվակի մեջ, որը կնքված էր զմուռսով, «Սուրբ Կլիմենտի, Մեծագույն պոնտիֆիկոսի ոսկորներից» գրությամբ: Enviro Waste ընկերության աշխատակիցները սրվակը հայտնաբերել են մի քանի շենքերի մաքրություն կատարելուց հետո մի քանի օր անց, ուստի պարզ չէ, թե այն կոնկրետ որտեղից են բերել:

«Չեք կարող պատկերացնել մեր զարմանքը, երբ հասկացանք, որ մեր աշխատակիցները գտել են Հռոմի պապի ոսկորը, նման բանն անսպասելի է նույնիսկ մեր գործունեության ոլորտում»,- հայտարարել է ընկերության սեփականատեր Ջեյմս Ռուբինը:

Օքսֆորդի համալսարանի պատմության պրոֆեսոր Դայարմեյդ ՄակԿալոխը վստահ չէ, որ ոսկորը Կլիմենտ I-ի մասունքի մաս է: «Հավանաբար սա վաղ քրիստոնյայի ոսկոր է: Ցանկացած տարեթվի՝ 2-րդ եւ 6-րդ դարերի միջեւ: Սակայն հայտնի չէ, թե ով է եղել այդ քրիստոնյան»,- ասել է պրոֆեսորը:

Նրա կարծիքով՝ մասունքը կարող էր Լոնդոն բերվել Նապոլեոնի տարիներին, երբ այն կարող էր տուրիստական խանութում գնել անգլիացի ազնվականը, կամ որպես հաղթավար Առաջին կամ Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Սուրբ Կլիմենտին պաշտում են ե՛ւ ուղղափառ, ե՛ւ կաթոլիկ եկեղեցիներում: Լեգենդ կա, որ նա մարտիրոսի մահ է ունեցել. ավանդույթի համաձայն՝ նրան կապել են խարսխին եւ ծովում խեղդել: