Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է զենք վերցնել, եթե ինչ–որ ժամանակ երկրում իշխանության գա կառավարություն, որը կցանկանա հանրապետության հարստությունը հանձնել Միացյալ Նահանգներին։ Այս մասին Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է չորեքշաբթի ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Վարգաս նահանգում նրա նախընտրական քարոզչության շրջանակներում, հայտնում է EFE գործակալությունը։

«Եթե մի օր իշխանության գա կառավարություն, որը կցանկանա հանրապետության հարստությունը հանձնել, ես առաջինը կլինեմ, ով հրացանը ձեռքը կվերցնի, որ զինված հեղափոխություն իրականացնի ժողովրդի հետ մեկտեղ, եթե դա պահանջվի»,–ասել է Մադուրոն։

Նա նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել երկիրը եւ որ ոչ ոք չկարողանա իշխանության գալ, որ Վենեսուելայի հարստությունը հանձնի գրինգոյի ձեռքը։

Միաժամանակ, նրա կարծիքով՝ նախագահական պաշտոնում իր մրցակից, ընդդիմադիր «Առաջադեմ ավանգարդ» կուսակցության թեկնածու Էնրի Ֆալկոնը ցանկանում է հայրենիքը հանձնել գրինգոյի եւ եվրոպական օլիգարխների ձեռքը։

Մադուրոն նաեւ հավաստիացրել է, որ իր համար բացարձակապես կարեւոր չէ, թե Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ–ն կճանաչեն իր հավանական հաղթանակը մայիսի 20-ի նախագահական ընտրություններում։  Նախընտրական քարոզարշավը Վենեսուելայում մեկնարկել է ապրիլի 22–ին։