Թեհրանը ոչ մի դեպքում չի համաձայնի վերանայել իրանական միջուկային համաձայնագիրը կամ դրանում նոր պայմաններ ներառել: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
«Մեկընդմիշտ հայտարարում եմ, որ մենք չենք զոհի մեր անվտանգությունը, չենք քննարկի կամ լրացնի այն համաձայնագիրը, որը մենք բարեխղճորեն իրականացրել ենք», - ընդգծել է նա: Անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում պայմանավորվածությունից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերին, Զարիֆը ոչ առանց սարկազմի նշել է. «Խոսելով անշարժ գույքի ոլորտի տերմիններով, երբ դուք տուն եք գնում, ընտանիքով տեղափոխվում եք այնտեղ կամ ոչնչացնում եք այն երկնաքեր կառուցելու համար: Երկու տարի հետո դուք չեք կարող կրկին վերանայել գինը»:
«Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները ստիպված կլինեն որոշել, թե արդյոք պետք է կատարեն իրենց պարտավորությունները», - ասել է Զարիֆը: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն շարունակի խախտել պայմանագիրը կամ որոշի դուրս գալ դրանից, Իրանն իրեն համապատասխան կերպով արձագանքելու իրավունք է վերապահում: «Շանտաժը եւ սպառնալիքները չեն օգնի ԱՄՆ-ին նոր գործարքի հասնել, հատկապես հաշվի առնելով այն, որ Վաշինգթոնը չի կատարում իր պարտավորությունները` արդեն կնքված պայմանագրով», - ասել է նա:




























