ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամբողջական հասակով մերկ քանդակը աճուրդում վաճառվել է 28 հազար դոլարով, որը Լոս Անջելեսում կազմակերպել է Julien's Auctions աճուրդի տունը, հայտնում է New York Post-ը:
Քանդակը ձեռք է բերել ուրվականների որոնման մասին հաղորդման վարող Զաք Բեգանսը: Սպասվում է, որ նա քանդակը կտանի Լաս Վեգասի (Նեւադա նահանգ) իր թանգարան, որը նվիրված է պարանորմալ երեւույթներին: Աճուրդը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան:
Խոսքը մի քանի քանդակներից մեկի մասին է, որոնք 2016 թվականին ԱՄՆ մի շարք քաղաքներում տեղադրել էր ամերիկյան Indecline հասարակական կազմակերպությունը, որը միավորում է ստեղծագործական ոլորտի աշխատողներին: Այս քանդակը Indecline-ի տեղադրած Թրամփի քանդակներից միակ պահպանվածն է: Մնացյալը ոչնչացվել են, առգրավվել կամ վանդալների կողմից վնասվել: Julien's Auctions-ում հույս ունեին լոտը 20-30 հազար դոլարով վաճառել:
Բեգանսը TMZ-ի լրագրողներին հայտնել է, որ քանդակն արվեստի գործ է համարում, որի գինն ապագայում կարող է աճել: Վարողն ընդգծել է, որ քաղաքականությունից հեռու է, իսկ քանդակի վրա ուշադրություն է դարձրել, քանի որ այն ամերիկյան հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել:




























