Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ Զինված ուժերի ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի եւ տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի մասնակիցները պետք է առաջարկեն համազգեստի եւ տարբերնշանների հետեւյալ տարբերակները`
- ուսադիրների, գլխարկանշանների, զորատեսակների /համազորային, զրահատանկային, ավտոմոբիլային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի, բժշկական ծառայության, ինժեներական, հատուկ նշանակության, կապի զորքերի եւ խաղաղապահ զորքերի/ խորհրդանշանների, զինվորական կոչումների տարբերանշանների եւ թեւքանշանների տաբերակներ,
- տոնական եւ ամենօրյա համազգեստ /ռազմաօդային ուժերի եւ մյուս զորատեսակների/` սպայական, ենթասպայական, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների եւ սաների համար,
- պատվոպահակային վաշտի եւ նվագախմբի շքերթային եւ տոնական համազգեստների տաբերակներ:
Առաջարկվող խորհրդանշանները պետք է ունենան ազգային խորհրդանշական իմաստ եւ համապատասխանեն զինանշանագրության պահանջներին:
Հաղթող առաջարկների համար սահմանվում է հետեւյալ մրցանակային ֆոնդը`
- լավագույն խորհրդանշանի դիզայնի առաջարկ` /ուսադիրներ, զինվորական կոչումների տարբերանշաններ, զորատեսակների խորհրդանշաններ, թեւքանշաններ եւ գլխարկանշաններ/ - 3 մլն դրամ,
- լավագույն համազգեստի դիզայնի առաջարկ` 1 մլն դրամ,
- պատվո պահակային վաշտի եւ նվագախմբի համազգեստի լավագույն առաջարկ` 1 մլն դրամ դրամ:
Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետը` 2011 թվականի փետրվարի 28-ն է:





























