ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երեւան քաղաքի փողոցներում եւ հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երեւան-Աբովյան ավտոճանապարհի երթեւեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձել են հեռացնել հիշյալ քաղաքացիներին:
Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, բռնության զուգորդմամբ խոչընդոտել են նույն վայրում հավաքները լուսաբանող եւ տեսանկարահանում իրականացնող լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը` նրան հեռացնելով այդ տարածքից:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
- Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
- Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ հարուցվեց




























