Ֆրանսիական Air France ավիաընկերության նախագահ, գլխավոր տնօրեն Ժան-Մարկ Ժանեյակը ուրբաթ հայտարարել է, որ առաջիկայում իր պաշտոնից հրաժարական կտա, հաղորդում է France-Presse-ը:
Հրաժարականի պատճառ է այն դարձել այն իրավիճակը, որում հայտնվել է ավիափոխադրողի ղեկավարությունը՝ չկարողանալով համաձայնության գալ արհմիությունների եւ աշխատողների հետ անձնակազմի աշխատավարձի դրույքաչափերի վերաբերյալ:
Air France-ում վեճը ծագել էր անցյալ տարի: Արհմիությունները պահանջել էին, որ աշխատավարձը 6 տոկոսով բարձրացնեն, սակայն ընկերության ղեկավարությունը առաջարկել է ընդամենը 1 տոկոս աճ:
2018 թվականի ապրիլին ղեկավարությունը առաջարկել էր չորս տարում աշխատավարձի 7 տոկոսով բարձրացման նոր ծրագիր, որը լրացվում է աշխատանքի ձեռքբերումների համար անհատական վճարներով:
Ապրիլի 26-ի քվեարկության ժամանակ աշխատակիցները մերժել էին այս ծրագիրը:
Ժանեյակը 2016 թվականի հուլիսից զբաղեցնում էր Air France-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: 65-ամյա ղեկավարը նախօրոք զգուշացրել էր, որ հրաժարական կտա, եթե ղեկավարության կողմից առաջարկված աշխատավարձերի բարձրացման ծրագիրը մերժվի աշխատակազմի կողմից:



























