«Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի համար Հայաստանում մեկնարկած երգի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է 10 օրով: Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրատեսիլ 2011»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Երգերի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 15-ն էր, բայց քանի որ դեռեւս մեզ անընդհատ ուղարկում են երգեր եւ խնդրում են, որպեսզի մենք երկարաձգենք ժամկետը, որովհետեւ չեն հասցնում, մենք որոշեցինք ընդառաջ գնալ եւ երկարաձգել ժամկետը մինչեւ հունվարի 23-ը, որպեսզի ընտրենք լավագույներից լավագույնը»,-ասաց Գասպարյանը ` հավելելով, որ  արդեն ստացել են 30-ից ավելի երգերի հայտեր եւ ամեն օր դրանց քանակ 2-3-ով ավելանում է:

«Եվրատեսիլ 2011»-ում հայկական պատվիրակության ղեկավարը  նաեւ նշեց, որ Էմմին առաջին անգամ ելույթ կունենա մայիսի 10-ին՝ «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակիչում, իսկ նրա մրցակիցները կլինեն Ալբանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Խորվաթիյաի, Ադրբեջանի, Հունաստան, Հունգարիա, Լիտվիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները:

Իսկ թե ո՞ր համարի ներքո հանդես կգա Էմմին, կորոշվի մարտի 10-ին՝ վիճակահանությամբ:    

Հիշեցնենք, որ երգի հայտերի ընդունումը մեկնարկել էր դեկտեմբերի 16-ին: Նշենք, որ նախորդ տարի ներքին մրցույթով ընտրվել էր, թե ով է մասնակցելու մրցույթին, իսկ այս տարի մրցույթը միայն երգի ընտրությանն է վերաբերում, այլ ոչ՝ երգչի ընտրությանը: