Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 212 782 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.9 տոկոսով:

2018 թվականի ապրիլ ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 200 712 մարդ՝ 9.6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 6.8 տոկոս աճ:

2018 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 12 070 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 5283 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 44 025 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 19 189 մարդ: