Գլազգոյում հազարավոր ցուցարարներ մասնակցել են Շոտլանդիայի անկախության աջակցության երթին, հաղորդում է BBC-n:

Երթի կազմակերպիչը All Under One Banner միավորումն է, որի ակտիվիստները կողմ են Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատվելուն: Նրա ներկայացուցիչների գնահատականներով՝ երթին պետք է մասնակցեր ավելի քան 40 հազար մարդ: Անցյալ տարի Գլազգոյում նման ակցիային ավելի քան 20 հազար մարդ էր մասնակցում:

Երթը խաղաղ բնույթ էր կրում: Դրա մասնակիցները, ներառյալ ընտանիքները երեխաներ հետ քայլում էին «Անկախությունը հիմա» մակագրությամբ պաստառի հետեւից: Բացի ավանդական շոտլանդական դրոշներից, որոշ ակտիվիստներ իրենց  հետ բերել էին նաեւ Կատալոնիայի դրոշները՝ Մադրիդից անկախանալու հարցում կատալոնացիներին իրենց համերաշխությունը արտահայտելու համար:

2017 թվականի մարտին Շոտլանդիայի առաջին նախարարը եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը հայտարարել էին տարածաշրջանի անկախության մասին երկրորդ հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին՝ 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած շրջանում, այսինքն՝ Եվրամիությունից  Բրիտանիայի դուրս գալուց առաջ: Ավելի ուշ նա կարողացավ այդ հարցով Շոտլանդիայի խորհրդարանի աջակցությունը ստանալ:

Շոտլանդիայի անկախության վերաբերյալ առաջին հանրաքվեն անցկացվել է 2014 թվականին: 55 տոկոսն ընդդեմ 45 տոկոսի հարաբերակցությամբ հաղթել էին Լոնդոն հետ Էդինբուրգի միության աջակիցները: