ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները եւ հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն եւ կայունություն:

Երկու երկրների հարաբերություններում կարեւորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է եւ տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: