Կիրակի Աֆղանստանի Ֆարյաբ նահանգում ճանապարհին ֆուգաս է պայթել, զոհվել է 8 խաղաղ քաղաքացի, մեկը վիրավորվել է, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Քարիմ Յուրշին գործակալությանը հայտնել է, որ ռումբի վրա է պայթել տրանսպորտային միջոցը, որում առեւտրականներ են եղել:
Տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն ոստիկանության տեղեկություններով՝ դրան մասնակցել է «Թալիբան» արմատական շարժումը:
Դրանից բացի, մայիսի 6-ին մի խումբ զինված մարդիկ Բագլան նահանգում առեւանգել են Հնդկաստանի 6 քաղաքացիների եւ մի տեղացու:
Առեւանգվածները հնդկական KEC ընկերության աշխատակիցներ են: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նրանք ուղեւորվել են ընկերությանը պատկանող տրանսֆորմատորային ենթակայան:
Տեղական իշխանությունները առեւանգման համար կասկածում են «Թալիբանի» գրոհայիններին: Երկրում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռեւս չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:




























