Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում փորձարկվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող պիլոտային ծրագրով ձեռքբերված հրթիռները եւ «Էլիա 3» հրթիռային կայանը. այն հակակարկտային կրակոցներն իրականացնում է ռադիոտեղորոշման կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման մեծ ճշգրտություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հրթիռային կայանի եւ հրթիռների առաջին փորձարկումը հաջող է անցել, սակայն երկրորդի ժամանակ որոշ թերություններ են արձանագրվել: Որոշվել է հետագա փորձարկումները մինչեւ մայիսի վերջ դադարեցնել: Այդ ընթացքում Ռուսաստանից Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի եւ «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները: Ռուս փորձագետները տեղում կուսումնասիրեն ու կշտկեն փորձարկման ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրները, որից հետո կայանի փորձարկումները կվերսկսվեն:
ԱԻ նախարարության պատվերով 2017 թվականին ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական ընկերությունը ուսումնասիրություն է կատարել Հայաստանի տարածքում, նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները եւ կազմել հրթիռային կայանների տեղադրման քարտեզը: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ իրականացվում է հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր, որի շրջանակում արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, իրականացվել է անձնակազմի ուսուցում, ձեռք է բերվել հրթիռային 3 կայան եւ 120 հրթիռ:
Պիլոտային ծրագրի ավարտից հետո կիրականացվի արդյունքների գնահատում, որի հիման վրա որոշում կկայացվի ծրագրի ընդլայնման վերաբերյալ:





























