ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործերից մեկի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հայկ Ուլիխանյանը Լոռու մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Մասնավորապես, Հայկ Ուլիխանյանը 2018 թվականի հունվարի 6-ին ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Շնող գյուղում գտնվող մթերային խանութ:
Այդ ժամանակ նույն մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանն իր ծանոթի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով մոտեցել են նույն խանութին եւ ավտոմեքենան կայանել Հ. Ուլիխանյանի ավտոմեքենայի հետնամասում: Խանութից դուրս գալով` Հ. Ուլիխանյանը Ա. Մելիքսեթյանին խնդրել է տեղաշարժել ավտոմեքենան, սակայն Ա. Մելիքսեթյանը, չհանդիսանալով ավտոմեքենայի վարորդը, հրաժարվել է այն տեղաշարժել, որի պատճառով վիճաբանություն է սկսվել նրանց միջեւ: Վիճաբանության ընթացքում Հ. Ուլիխանյանը ոտքով ուժգին հարված է հասցրել Ա. Մելիքսեթյանի որովայնին՝ դիտավորությամբ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:





























