Երեւանի Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումից հետո,  ուսուցիչներն ու ծնողները երեկ՝ մայիսի 6-ին, հանդիպել  են Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, խոսեց Անահիտ Բախշյանը։

«Ուսուցիչներն ու ծնողները դիմում են գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հայտնելու իրենց անվստահությունը դպրոցի կառավարման խորհրդին։ Սակայն այս ամենի մեջ կա նաեւ ուսուցիչների մեղքը, քանի որ երբեւէ դպրոցի կառավարման համակարգից չեն պահանջել հաշվետվություն, չեն հետաքրքրվել նրանց գործունեության մասին, ի՞նչ հիմքերով են այս կամ այն ուսուցչին տրվել պարգեւավճարներ եւ այլն»,-ասաց բանախոսը։

Նրա խոսքով, մայիսի 6-ին, մինչեւ գիշերը ժամը 12-ը, ուսուցիչներն ու ծնողները հերթ են կանգնել քաղաքապետին ուղղված նամակում ստորագրելու համար, արդյունքում հավաքվել է 404 ստորագրություն, որից 76-ը ուսուցիչներ են:

«Հեղափոխությունը դարձավ պատճառ բոլոր իրավախախտումների մասին բարձրաձայնելու համար։ «Հանրակրթության մասին» օրենքով կրթական գործընթացի թիվ 1 մասնակիցը սովորողն է, 2-րդը՝  ծնողը, 3-ը՝ մանկավարժներն են, իսկ 4-րդը վարչական աշխատողները։ Այս հերթականությունը պատահական չէ։ Մինչեւ այսօր շատ դպրոցներում ծնողները տեր չեն կանգնել իրենց երեխաների իրավունքներին, բայց հիմա արդեն սկսել են խոսել»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Նման դեպքերից խուսափելու համար, Բախշյանն առաջարկում է ծնողներին առաջին հերթին  պահանջել կառավարման համակարգի անդամների փոփոխությունը եւ ընտրել այն երկու ծնողին, որոնք համակարգ մտնելով, իրենց լիազորությունների սահմանում կհսկեն կառավարման համակարգի ճիշտ եւ օրինական աշխատանքը․

«Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ամենակարեւոր հարրցերից մեկը՝ կրթության բնագավառում, տնօրենի ընտրության կարգի փոփոխությունն է։ Այսուհետեւ վերջ դպրոցների կուսակցականացմանը, այս ուղղությամբ շատ լուրջ ուսումնասիրություններ են արվելու եւ կուսակցականամետ վարքի դրսեւորումները պատժվելու են»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-5-ին, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի բակում հավաքվել են դպրոցի աշակերտները եւ ծնողները եւ պահանջել տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Նրանց խոսքով տնօրենը շարժման օրերին աշակերտներին չի թույլատրել մասնակցել բողոքի ակցիաներին, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, որը երեխաների համար բացել էր դուռը, ցանկացել է աշխատանքից ազատել:

«Իրազեկ քաղաքացի» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն էլ նշել է, որ մի քանի ժամվա ընթացքում կոռուպցիոն սխեմա բացահայտվեց տնօրենի հետ կապված եւ իրենք նյութեր  են հավաքելու, որպեսզի ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն:

Արդեն մայիսի 5-ին տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել քաղաքապետարան, որը բավարարվել է:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: