2017թ.-ի մարտի 7-ից ՀՀ վարչական դատարանում ընթանում է նախնական դատական քննություն Լեւոն Գալստյանն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ պահանջելով տրամադրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադված արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները:

Հայաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Չնայած այն հանգամանքին, որ հայցվորի բոլոր հարցադրումներին պարզաբանումներ եւ պատասխաններ են տրվել դատարանում եւ դատական գործընթացը դեռեւս շարունակվում է, այնուամենայինվ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է շահարկել վերը նշված հարցը:

ՀԲՃ-ն մասնավորապես նշում է, թե ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվել է իրենց տրամադրել հանքավայրի շահագործման վերաբերյալ եզրակացությունը եւ եզրակացության հիմք հանդիսացող փաստաթղթերը, այնինչ՝ 2017թ.-ի իրենց հարցմանն ի պատասխան ՊՈԱԿ-ը  նշել է, որ կարող է տրամադրել տեղեկատվությունը տնտեսվարողի հետ համաձայնեցնելուց հետո, իսկ եզրակացության հիմք հանդիսացող փաստաթղթերի տնօրինողը ՊՈԱԿ-ը չէ, քանի որ այդ տեղեկատվության սեփականատերը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունն է, եւ եզրակացության տրամադրումից հետո նախագիծը վերադարձվում է տնտեսվարողին, քանի որ փորձաքննություն անցկացնող սուբյեկտը օրենսդրորեն պարտավորված չէ իր մոտ պահել եզրակացության հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:

Դատական լսումների ընթացքում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ստանալով տնտեսվարողի համաձայնությունը, ՀԲՃ-ին արդեն իսկ տրամադրել է եզրակացության պատճենը, ինչ վերաբերում է՝ եզրակացության հիմքը հանդիսացածա պատճեններին, ապա դրանց տրամադրման համար անհրաժեշտ է այդ տեղեկատվությունը ստանալ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից, որն էլ հանդիսանում է տեղեկատվության տնօրինողը: Նշենք, որ ՊՈԱԿ-ը արդեն իսկ ձեռք է բերել ընկերության համաձայնությունը եզրակացությունների հիմք հանդիսացող նախագծերի պատճենները իրենցից վերցնելու եւ ՀԲՃ-ին տրամադրելու վերաբերյալ: 

Մեկ անգամ եւս նշում ենք, որ նախօրեին ՀԲՃ-ի կողմից հրապարակված հարցադրումների պարզաբանումները բազմիցս տրվել են դատական գործընթացի ժամանակ, ուստի, առնվազն անհասկանալի է, թե ինչու են նույն հարցերը շարունակում շահարկվել հրապարակումների տեսքով: Այն դեպքում, երբ ՀԲՃ-ի ՀՀ ԱԻՆ-ից պահանջվող փաստաթղթերը 2016թ.-ից արդեն իսկ տեղադրված են ՀՀ բնապահպանության նախարարության կայքում: