ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:
Մասնավորապես, հիշյալ քաղաքացիները հաղորդումներ ու բացատրություններ են տվել, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի տարբեր փողոցներում կազմակերպված հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ:
ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը փաստական հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաեւ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` միացվել են վերը հիշատակված պաշտոնատար անձանց նկատմամբ դեռեւս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:
Համաձայն հիշյալ քրեական գործի նյութերի` տվյալներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության եւ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից, Արցախի, Էրեբունու, Աբովյան եւ այլ փողոցներից ու վայրերից քաղաքացիներին հեռացնելիս եւ բերման ենթարկելիս բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ, կիրառել են հատուկ միջոցներ, սահմանված կարգի խատմամբ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում` լրագրողների ու փաստաբանների:
Ի դեպ, վերը նշված քրեական գործին միացվել է նաեւ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում արդեն տուժող են ճանաչվել փաստաբան Ավագ Լալայանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, Ազատություն ռադիոկայանի լրագրողներ Նաիրա Բուլղադարյանն ու Անատոլի Եղիազարյանը, ինչպես նաեւ 7 քաղաքացիներ:
Նախաքննությունը շարունակվում է:





























