Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հրաժարական է ներկայացրել, երբ 4 կին նրան մեղադրել են իրենց ծեծելու եւ վախեցնելու մեջ: Շնայդերմանն այս որոշման մասին տեղեկացրել է պաշտոնական հայտարարությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին մի քանի ժամում ինձ ծանր մեղադրանքներ են առաջադրել, որոնք ես հերքում եմ: Չնայած այդ մեղադրանքները չեն առնչվում իմ մասնագիտական վարքին կամ ծառայողական պարտականությունների կատարմանը, դրանք, այդուհանդերձ, ինձ թույլ չեն տա գլխավոր դատախազությունն արդյունավետորեն ղեկավարել ծայրահեղ կարեւոր ժամանակահատվածում: Այս պատճառով ես հրաժարական եմ ներկայացրել, այս որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրվա ավարտին»,- նշել է Շնայդերմանը:
Հայտարարությունը հետեւել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի պաշտոնը թողնելու մասին հորդորին: «Ոչ ոք օրենքից վեր չի կանգնած, ներառյալ Նյու Յորքի արդարադատության համակարգի ավագ աշխատակիցը»,- նշել է Կուոմոն՝ նախազգուշացնելով, որ պահանջել է «անմիջապես սկսել տվյալների հետաքննությունը», որոնք հրապարակվել են The New Yorker ամսագրում: Նահանգապետի տեսանկյամբ՝ պարբերականի հրապարակումը այնպիսի մանրամասներ եւ տուժածների հիշողություններ է պարունակում, որ գործնականում գլխավոր դատախազի մեղավորության վերաբերյալ կասկածներ չեն մնում:





























