ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. ապրիլի 29-ին՝ ժամը 20:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975թ. ծնված Ա. Կարաեւը, ում դեմքի շրջանում առկա են կապտուկներ: Դիակի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետեւանք է գանգուղեղային փակ բութ վնասվածքի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Ա.Կարաեւը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի մարմնական վնասվածքներ ստանալու, մահվան բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:





























