ԵՄ-ի անձնագիր չունեցող անձինք, ովքեր ընտանեկան կապեր կամ այլ օրինական  հարաբերություններ ունեն Եվրամիության քաղաքացու հետ, կարող են պահանջել, որ նրանց չարտաքսեն ԵՄ-ից: Այս որոշումն ընդունել է Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը, հաղորդում է DW-ն:

Սա պատասխան էր բելգիական գերատեսչության բողոքին, որը Ռուսաստանի, Հայաստանի, Ալբանիայի, Ուգանդայի, Քենիայի, Նիգերիայի եւ Գվինեայի մի շարք քաղաքացիներից բողոքներ էր ստացել: Նրանք Բելգիայից արտաքսման մասին որոշում էին ստացել, բայց բողոքարկել էին դրանք՝ ասելով, որ նրանք սերտ հարաբերություններ ունեն բելգիացիների հետ կամ ապրում են նրանց հետ «երկար, կայուն եւ օրինական գործընկերության» մեջ:

Բելգիայի իշխանությունները չեն ցանկացել երկրում մնալու թույլտվության մասին դիմումները քննել` վկայակոչելով արտաքսման մասին որոշումները: Որոշ դեպքերում, արտաքսման որոշման հիմք է հանդիսացել հասարակական կարգի համար վտանգը: Եվրադատարանը այժմ որոշել է, որ յուրաքանչյուր նման դիմում պետք է անհատապես ստուգվի՝ ընտանիքի հնարավոր վերամիավորման կապակցությամբ: