Ավելի քան կես միլոն թուրքեր սոցիալական ցանցերում #Tamam (Հերիք է) տարածելով նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռանալու կոչ են անում: Կոչերը հաջորդել են Էրդողանի այն հայտարարությանը, թե նա կհեռանա, եթե ժողովուրդն ասի հերիք է, հաղորդում է  Reuters-ը:

«Եթե մի հրաշալի օր, մեր ժողովուրդն ասի հերիք է, այդ ժամանակ մենք կգնանք», - խորհրդարանում ելույթ ունենալով՝ ասել է նա:

Ելույթից հետո Twitter-ի թուրքական հատվածում  #Tamam հեշթեգը առաջատար, իսկ հետո համընդհանուր միտում է դարձել:

«Մեզ ժողովրդավարություն է պետք, ուստի մենք ասում ենք. «Էրդողան հեռացիր: Դուք խելահեղ բաներ եք արել մեր երկրի եւ ժողովրդի համար: Հերիք է», - գրել է օգտատերերից մեկը:

 «Դու հանգիստ չես հեռանա, դու կպատմես քո գործերի մասին: Հերիք է» - գրել է մյուսը:

Նրանց միացել են նաեւ նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցները:

 «ժամանակը եկել է, հերիք է», - գրել է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարեմ Ինսեն:

 «Tamam» թվիթները միավորել են ընդդիմադիր բոլոր հիմնական կուսակցություններին, ներառյալ քրդամետ ընդդիմությանը: