Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց նոր վարկանիշի առաջին տեղը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չզբաղեցրեց: Առաջատարի դիրքը նա զիջել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում զբաղեցնում էր երկրորդ տեղը, երրորդ տեղն է գրավել, հաղորդում է ՌԲԿ- ն:
Ազդեցիկ մարդկանց առաջին տասնյակում հայտնվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը:
Սի Ցզինպինին առաջին տեղը շնորհելու որոշումը ամսագիրը բացատրել է նրանով, որ նա մյուսների համեմատ կարողացել է ավելի լավ համախբել իշխանությունը: Մարտի կեսին Չինաստաի համընդհանուր ժողովի պատգամավորները ոչ միայն վերընտրեցին նրան երկրի նախագահի պաշտոնում, այլեւ որոշեցին Սահմանադրությունից հանել առավելագույն ժամկետի սահմանափակումը: Այսպիսով, նա կկարողանա Չինաստանի ղեկավար լինել նաեւ 2023 թվականից հետո:
Նախագահ Դոնալդ Թրամփը սեփական օրակարգի առաջխաղացման հարցում փոքր հաջողությունների է կարողացել հասնել անգամ այն դեպքում, որ հանրապետականները Կոնգրեսում մեծամասնություն ունեն, գրում է Forbes-ը:
Իրավապահ մարմինները հետաքննում են նախագահի գործունեությունը, իսկ նա չի կարողանում ազատվել սկանդալներից, որի պատճառները նրան անձնական կյանքի եւ բիզնեսի հետ են կապված: Այնուամենայնիվ, նա մնում է «աշխարհի ամենահզոր տնտեսական եւ ռազմական տերության գերագույն հրամանատարը»:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը զբաղեցրել է վարկանիշի 13-րդ հորիզոնականը, Ուորեն Բաֆեթը` 16-րդ, Ջեք Ման՝ 21-րդ, Թիմ Կուկը` 24-րդ, իսկ Իլոն Մասկը` 25-րդ, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը` 35-րդ: 36-րդ հորիզոնականում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն է՝ իր ազդեցիկությամբ գերազանցելով Ռուպերտ Մերդոկին (39-րդ): Համեմատության համար Հարավային Կորեայի նախագահ Մյուն Չժե Ինը ընդամենը 54-րդ տեղն է զբաղեցրել: Վերջին տեղում ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն է:
Ցուցակի նոր տարբերակում 17 նորեկ կա, այդ թվում ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, Exxon Mobil-ի ղեկավար Դարեն Վուդսը, հարավկորեացի առաջնորդ Մուն Չժե Ինը, ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:
Ցուցակի անձինք ընտրվել են 4 չափանիշներով՝ իշխանության կամ ժողովրդի վրա ազդեցության աստիճանը, մարդու կողմից վերահսկվող ֆինանսական ռեսուրսները, սեփական ազդեցության օգտագործումը, ինչպես նաեւ, արդյոք այդ ազդեցությունը սահմանափակվում է միայն մեկ ոլորտում կամ տարածվում է մի քանիսի վրա: Միեւնույն ժամանակ ամսագիրը նշում է, որ «ամենաազդեցիկ մարդկանց ցանկացած վարկանիշ սուբյեկտիվ է», իսկ խմբագիրները «չեն հավակնում նրան, որ այս ցուցակը վերջնական լինի»:
Վարկանիշի նախորդ տարբերակը հրապարակվել էր 2016 թվականի դեկտեմբերին, այդ ժամանակ առաջին եռյակում էին հայտնվել Պուտինը, Թրամփը եւ Մերկելը: Չինաստանի ղեկավարը զբաղեցրել էր 4-րդ տեղը: 2017 թվականին ամսագիրը ցանկ չէր հրապարակել:




























