ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքընը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրվելու կապակցությամբ։
«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների եւ խորհրդարանական գործընթացի միջոցով եւ շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով եւ հիմնականում առանց միջադեպերի:
Կարեւոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը եւ հմուտ կառավարումը շարունակվի, եւ քաղաքական գործընթացն առաջ ընթանա՝ հիմնվելով ամուր սահմանադրական եւ իրավական հիմքերի վրա:
Վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստան կատարած իմ երկու այցելությունների ընթացքում ես անձամբ եմ ծանոթացել երկրի հարուստ պատմությանը եւ մեծ ներուժին: Իմ հանդիպումների ընթացքում ես հատկապես տպավորվել եմ այն երիտասարդներով, որոնք վճռական են կերտելու Հայաստանի պայծառ ապագան:
Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման եւ հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին»:





























