Հայաստանում ի հայտ է եկել բիզնեսի նոր տեսակ՝ շահույթի ստացում տոկոսադրույքների տարբերությունների հաշվին։ Միանգամից նշենք, որ բիզնեսի այս տեսակը գոյություն ունի միայն Հայաստանում, թեեւ այն դժվար է բիզնես անվանելը: Սա մաքուր սպեկուլյացիա է, սակայն մեր չինովնիկներն այնպես են արել, որ ամեն ինչ լինի օրենքով։

Խոսքը վերաբերում է պետական պարտատոմսերի տոկոսադրույքներին։ Բերենք ամենաթարմ օրինակը։ Հունվարի 18-ին 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերը իրացվել են 13,2 տոկոս միջին կշռված եկամտաբերությամբ։ Այս տոկոսները պետք է վճարվեն պետական բյուջեից՝ այսինքն՝ հարկատուների հաշվին։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պետական բյուջեն այդ պարտատոմսերի կարիքը չունի։ Մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն ի լուր ամենքի հայտարարեց, որ պետական բյուջեում կուտակված պաշարներ կան՝ եկամուտների գերակատարման ու ծախսերի խնայման հաշվին։ Տարեսկզբին մենք գանձապետական միասնական հաշվին ունեինք մոտ 85 մլն չիրացված ռեսուրս։ Շուկայական բոլոր կանոններով՝ պետական պարտատոմսերի տոկոսադրույքն այդ դեպքում կնվազեր, սակայն մեզ մոտ պետական պարտատոմսերի շուկան գոյատեւում է բնավ ոչ շուկայական օրենքներով։

Վարչապետը կառավարության այդ հայտնի նիստում մեկ այլ հայտարարություն էլ կատարեց՝ տոկոսադրույքներն այս տարի կնվազեն 2-3 կետով։ Սակայն նշենք, որ տոկոսադրույքների էական նվազում արդեն իսկ տեղի է ունեցել, բացառությամբ պետական պարտատոմսերի։ Հենց այդ հանգամանքն էլ ճարպիկ ֆինանսիստների համար հնարավորություն է ստեղծում գումարներ աշխատել բյուջեի հաշվին։ Այսօր բազմաթիվ բանկեր պատրաստ են պետական պարտատոմսերի տոկոսադրույքով (տարեկան 13-14 տոկոսով) դրամային միջինժամկետ (2-3 տարի) վարկեր տրամադրել։ Մյուս կողմից՝ դրամային ավանդների տոկոսադրույքը որեւէ բանկում չի գերազանցում 10 տոկոսը։ Իսկ դոլարային տոկոսադրույքները թե վարկերի, թե ավանդների մասով մի քանի կետով ցածր են։

Այսպիսով՝ կառավարությունը պարտատոմսեր է թողարկում այն տոկոսադրույքով, որով բանկերը վարկ են տրամադրում։ Սա մի քաղաքականություն է, որ հատուկ է միայն կոլապսի առջեւ կանգնած երկրներին, իսկ Հայաստանն առայժմ այդպիսին չի համարվում։ Պետական պարտատոմսերի շուկան վերածվել է սպեկուլյատիվ եկամուտների ստացման աղբյուրի։

Սամվել Ավագյան