Եվրամիությունը վճռական է տրամադրված Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, հաղորդում է Reuters-ը:
«Մնացած միջազգային հանրության հետ միասին մենք կպահպանենք այս միջուկային գործարքը: Ես հատկապես մտահոգված եմ այսօր հայտարարված նոր պատժամիջոցներից», - ավելացրել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցավում է ԱՄՆ-ի որոշման համար եւ կաշխատի ավելի լայն համաձայնության ուղղությամբ, որն ընդգրկում է Իրանի միջուկային գործունեությունը, բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ տարածաշրջանում նրա գործունեությունը:
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրից հրաժարվելը Մերձավոր Արեւելքում մեծ անկայունություն է նշանակում՝ նշելով, որ «խորապես ցավում» է Թրամփի հայտարարության համար: «Եվրամիությունը եւ նրա միջազգային գործընկերները պետք է հավատարիմ մնան համաձայնությանը, իսկ Իրանը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները»:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Իրանի եւ միջազգային առեւտրի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը «եվրոպական մեկ մոտեցման» կբախվի եւ որ առաջիկա գագաթաժողովի ընթացքում ԵՄ ղեկավարները կքննարկեն այն:
Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Ուեբերը Թրամփի որոշումը «ռազմավարական սխալ» է անվանել: «Մենք կշարունակենք Իրանի հանդեպ մեր հավասարակշռված մոտեցումը՝ առանց խնդիրների վրա աչք փակելու», - ասել է նա:
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ իրանական միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի: «Համաձայնագիրը ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը եւ դանդաղեցնում միջուկային զենքի տարածումը», - Twitter-ում գրել է նա՝ հավելելով, որ Իտալիան կաջակցի եվրոպացի դաշնակիցներին` հաստատելով իր պարտականությունները:





























