ԱՄՆ-ն իրանական միջուկային համաձայնագրի տակ դրված իր ստորագրությունը դեռ հետ չի կանչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Սակայն նա չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն հետ կկանչի իր ստորագրությունը:

«Ես չգիտեմ այս դեպքում ստորագրությունը չեղյալ համարելու իրավական մեխանիզմը, հատկապես այն դեպքում, երբ պայմանագիրն այդքան բազմակողմ է: Հետեւաբար, սա դեռեւս հսկայական խնդիր է զուտ իրավական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից», - բացատրել է Գեւորգյանը:

Նա ընդգծել է, որ Կոնգրեսի եւ Սպիտակ տան վարչակազմի մակարդակով այս պայմանագրից դուրս գալու մասին ոչ մի պաշտոնական որոշում չի կայացվել: Սա, նրա կարծիքով, հանգեցրել է նրան, որ հարցը «օդում կախված է մնացել» եւ այդ հարցով Վաշինգթոնում միանշանակ որոշում չի կայացվել:

Գեւորգյանը վստահ է, որ այս իրավիճակը շատ երկար ժամանակ անորոշ կմնա:

Հարցին, թե ինչու է Վաշինգթոնին ձեռնտու նման իրավիճակը, փորձագետը պատասխանել է, որ դա կապված է Իրանի եւ ԱՄՆ-ի ավանդական առճակատման հետ: Բացի այդ, Թրամփն, ըստ արեւելագետի, այս կերպ փորձում է ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա, որն այլեւս չի ցանկանում տարածաշրջանում ամերիկյան ներկայության հետագա ծախսերը կատարել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու մասին: Ի պատասխան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել էր, որ Թեհրանը կշարունակի իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնագիրը` առանց ԱՄՆ-ի մասնակցության: