Կարծում եմ՝ մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանից հետո որպես պաշտոնաթող նախագահ, օրենքով սահմանված կարգով նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-ասել է նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա ընդգծել է, որ ուրախ է, որ ժողովրդական ճնշման ներքո հրաժարական տված Սերժ Սարգսյանը մինչ այսօր գտնվում է Հայաստանում: «Սա ասում եմ, որպես մեր շարժման առավելություն, որովհետեւ մեր խնդիրը ոչ թե Հայաստանում նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելը եւ համերաշխության մթնոլորտ ստեղծելը»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը կառավարության հենց առաջին նիստում հայտարարեց, որ հրաժարվում է կառավարության որոշմամբ իրեն հատկացված Կառավարության առանձնատնից:



























